Յարխուշտա

Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է: Յար-ը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր՝ այս դեպքում համախոհ և զինակից: Իսկ խուշտա բառը ծագում է իրանական «խըշտ» բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք: Այսպիսով՝ Յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր: Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին: Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով:

Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում, որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու: Ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և, որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ՝ յարխուշտա են պարել: Այնքան ժամանակ են պարել, մինչ ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են: Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել:

Ռազմական պարեր

Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ: Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:

Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը: Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը: Ռազմական պարերը պարել են նաև հուղարկավորությունների ժամանակ, հատկապես եթե հանգուցյալը կենդանության օրոք առնչվել է ռազմական գործին:

Մշո խըռ

Հեթանոսական ժամանակաշրջանից մինչ օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին: Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել: Մինչև 19րդ դարը քոչարին պարում էին միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը՝ այն սկսեցին պարել բոլորը: Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը: Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն:

Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու և զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը: 2017 թվականին Հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Տալ – տալա

Տալտալան հայկական ավանդական պար է: Արևմտահայերեն տալ բառն ունի երկու նշանակություն: Մի դեպքում՝ տալ, տալղա կապ ունի ջրի ալիքների հետ, մյուս դեպքում՝ տալ նշանակում է ծառի ճյուղ: Երկուսն էլ պտղաբերության, բերքատվության հետ է կապված:

Վեր – վերի

Վեր – վերի պարերը տարածված են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: §Վեր – վերին¦ կառուցված է` երկու գնալ, մեկ դառնալ և երկու գնալ, երկու դառնալ պարաձևերից: §Վեր – վերի¦ պարել են և պարում են տարբեր առիթներով, պարողների ցանկությամբ, խնջույքներում և ընտանեկան ուրախությունների ժամանակ: Այս պարաձևի մեջ են մտնում շատ պարեր. Արաբկիրի շրջանի Վեր – վերի, Շիրակի §Վեր – վերի¦, Արարատյան դաշտի §Վեր – վերի¦, որը հայտնի է նաև §Բիթ-կրունկ¦ անունով, Մուսալեռան §Դիլան¦ ուրախ պարը, Մուշ – Տարոնի §Բաժարո¦ պարը և այլն: Ժողովուրդը §Վեր – վերին¦ անվանել է նաև թռնոցի, թռնովի և այլն: Այն պարել են հարսանիքների ժամանակ, սակայն այն հատուկ հարսանեկան պար չէ: Պարել են Բարեկենդանի, Ծաղկազարդի (Ծառզարդարի), Համբարձման, Վարդավառի և այլ տոների ժամանակ: §Վեր – վերի¦ պարի ամենատարածված ձևը. Ձեռքերը բռնած, ուղիղ կախված կողքերից` քայլերը կատարվում են թռիչքով. - քայլ աջ, ձեռքերը տանել մի փոքր ետ - ձախ ոտքը անցում է կատարում աջից, ձեռքերը` մի փոքր առաջ - քայլ աջ, ձեռքերը` ետ - ձախ ոտքը մի փոքր առաջ, ձեռքերն` առաջ - ձախ ոտքը ետ, ձեռքերը` ետ - աջ ոտքը մի փոքր առաջ, ձեռքերն` առաջ: Աջ ոտքը առաջ կատարած քայլից շարունակում է քայլ աջ, և այսպես շարունակ:

ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ)

«Գյովնդ»-ը պարաձև է, որը նշանակում է շուրջպար անսահմանափակ քանակի մարդկանցով: Հայաստանի տարբեր շրջաններում ըստ բարբառների կոչվել է «Գայվունդ», «Գյունդ» և այլն: Բոլոր գյովնդ պարերը ունեցել են իրենց երգային տեքստերը: «Գյովնդ» պարել են թե արևմտյան, և թե արևելյան Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում:

Փափուռի

«Փափուրի» պարերգը հիմնականում պարում են տղամարդիկ, հաճախ նրանց միանում են երիտասարդ աղջիկները: «Փափուրի»-ն համարվում է իսկական հայկական պար, չնայած որ այն պարել են քրդերը, ասորիները, եզդիները ու թուրքերը: Երգի տեքստում Փափուրին տղամարդու անուն է, սակայն այդպիսի անուն հայերի մոտ չի եղել: Պարը պատկանում է երկու գնալ, մեկ՝ դառնալ պարարաձևին:

Լորկե

Հայաստանում շատ են հանդիպում «Լորկէ», «Լյուլկէ», «Լորկը» անվանումներով պարերը: Դրանք հիմնականում պատկանում են հայկական կոլեկտիվ պարերի տարատեսակներին: Գրառված են Թալինի «Լյուլկէ» կամ «Լորկէ» կոչվող, Շատախի «Լորկէ» և Վանա «Լորկը» կոչվող տարբերակները: Գրառվել է նաև Սարիղամիշի «Հոպ, Ջանիման» պարը, որը կառուցվածքով շատ նման է «Լորկէ» տեսակին: Նշված տարբերակները շատ նման են դանդաղ մասերով, բայց արագ հատվածներում տարբերվում են: «Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները): Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ: «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է: «Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ): Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է: Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր: Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են: Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով: Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ: Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով: Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին: Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների: Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում:

Թամզարա

«Թամզարան» հարսանեկան երգ-պար է: Այն հանդիպում է շատ հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել: «Թամզարան» Հ. Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Այս բնակավայրը, բացի «Թամզարա» անվանումից, կոչվում էր նաև «Թամարզա», «Թումարզա»: Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ «Թամզարա» անվանումը ծագել է Թովմա Արծրունու անունից, ով էլ, իբր, հիմնել է տվյալ բնակավայրը: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումն ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանն իր «Գավառային բառարանում»: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովընդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ: «Թամզարա» պարատեսակը պատկանում է ,երկու գնալ, երկու դառնալե պարաընտանիքին («դառնալ», «վերադառնալ» բառերը նշանակում են ,գնալ դեպի ձախե: «Ձախ» բառը հնում արգելված էր, ուստի փոխարինվել է «դառնալ» բայով): «Թամզարայի» տարբերությունը վերը նշված պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով: Իսկ պարը վեցի փոխարեն ունի ութ միավոր հաշիվ և շարժում: Գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն: Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, աջ, ձախ: Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներով, ափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից: Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ: Պարի ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է: Պատկանում է «դուրան» պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում: «Թամզարայի» պարաքայլին բնորոշ են ոտքի կրկնակի հարվածները: Պարաքայլերը հետևյալ հերթականությամբ են. 1. աջ ոտքով կատարվում է քայլ դեպի աջ, 2. ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին, 3. կրկին քայլ աջ ոտքով և դեպի աջ, 4. կրկնակի հարված ձախ ոտքով, 5. ձախ ոտքով քայլ դեպի ձախ, 6. մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա, 7. մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա, 8. կրկնակի հարված աջ ոտքով: Կան պարի այլ տարբերակներ նույնպես, որոնք քիչ թե շատ տարբերվում են վերոնշյալից: Կարինի տարբերակում պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և, առաջ քայլելով, կրկնակի հարվածում է աջ ոտքով, ապա, վերադառնալով իր հետագծին, նորից կրկնակի հարված կատարում աջ ոտքով: Կան նաև տարբերակներ, որտեղ հարվածներ չեն կատարվում, հակառակը, ազատ ոտքն օդում խաղացող գործողություն է կատարում, ապա հաջորդ քայլին ընդունում մարմնի ծանրությունը:

Ծաղկաձորի

Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, կատարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ: Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` «Ծաղկաձորին»: Այն հիմնականում պարել են ուխտատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Անվան ծագումը կապվում է Վասպուրականում գտնվող համանուն տեղանքի հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր տարբեր ազգային տոներին ուխտագնացության էին գնում Վասպուրականի տարբեր բնակավայրերից: «Ծաղկաձորին» կապված է պտղաբերության աստվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ: Պարի կապը պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ: Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների` երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա: Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով:

Իշխանաց պար

Ենթադրություն կա, որ «Իշխանաց պարը» պատկանել է մեհենական պարերի թվին: Գրառված են երեք՝ Հայոց ձորի, Շատախի և Պարսկահայքի Կապուտան` Ուրմիա լճի շրջակայքում բնակվող հայերի տարբերակները: Հայոց ձորի «Իշխանաց պարի» տարբերակը անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի», որը համարվում էր նաև ռազմապար: Այն շատ բարդ էր կատարման համար, այդ պատճառով էլ քչերը, հիմնականում երիտասարդ տղաներն էին կատարում այս պարը: «Շէխ» անվանում էին քրդերի հոգևոր առաջնորդին․ սա նույնպես մատնանշում է, որ այն մեհենական պար է եղել: Պարաշարքի սկզբում հիմնականում կանգնում էին իշխանները, կառավարիչները, իշխանություն ունեցողները, և մեծ նվիրատվություններ անում զուռնա և դհոլ նվագողներին: Երբեմն նաև աղքատներն էին պարում: Հայերը «Շէխանին» պարում էին ուխտագնացությունների տեղերում, Հայոց ձորի տարածքում եղած վանքերի մոտ, Վանում, Թիմարում, Բերկրիում բոլոր տոների, բոլոր խնջույքների ժամանակ և հարսանյաց օրերին: «Շէխանիի» մեղեդու չափը 2/4 է: Այս չափը շատ բնորոշ է ռազմական պարերին: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի կորանում, այսինքն՝ չի վերածվում կորագծի, կամ առավել ևս՝ կիսաշրջանի: 12-15 մարդ կողք կողքի տեղաշարժվում էին մեկ առաջ, մեկ՝ ետ: Շարվում են կողք կողքի, իրարից փոքր-ինչ հեռու, թևկախ՝ չծալելով արմունկները, ճկույթ ճկույթի՝ աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով: Շատախում տարածում գտած «Շէյխանի-Շիվհալանի» պարի անվանումն ամբողջականորեն ոչ ոք չի կարողացել մեկնաբանել: Սակայն բոլորը նշում էին, որ պարի առաջին երկու մասերը, որոնք կատարվում էին դանդաղ, կոչվում էին «Շէյխանի», իսկ «Շիվհալանի» անվանում էին պարի երրորդ և չորրորդ արագ մասերը՝ 8 տակտ 4/4 ռիթմով՝ «Շէյխանի», 13 տակտ 4/4 ռիթմով՝ «Շիվհալանի»։ Կարելի է ենթադրել, որ «Շիվհալանին» վշտի, հիշատակի պարատեսակներից է, որի մեջ առկա են և՛ ետ քայլը, և՛ ձախ քայլը: Սակայն երևի մոռացության է մատնվել պարի վշտալի բնույթը, քանզի ուրախ բնույթի թռիչքները շատ են: Բոլոր տարբերակներում կանգնում են շարքով՝ ճկույթ ճկույթի: Արմունկները ծալված են գոտկատեղի բարձրությամբ, իսկ ափերը պարզված են դեպի առաջ: Երրորդ տարբերակը՝ Պարսկահայքի «Շէյխանեն» ևս ստուգաբանվում է որպես շէյխերի, այսինքն իշխանների պար` «Իշխանաց պար»: Կարելի է ենթադրել, որ այս տարբերակը նույնպես մեհենական պարերի շարքին է պատկանել: «Իշխանաց պարը» շատ հպարտ, վեհ պար է, տեխնիկապես ամենաբարդ պարատեսակներից մեկը հայկական պարարվեստում: Շէյխանեի մեղեդու չափը 4/4 է: Ձեռքերը բռնում են թևկախ, խաչված ափերով՝ ձախ ձեռքը անցկացնելով աջի վրայով: Պարողները կանգնում են մեկ շարքով, որը երբեք չի վերածվում կորագծի: Պարաշարքը տեղաշարժվում է առաջ, ապա վերադառնում 9 աստիճան դարձումով տեղաշարժվում դեպի աջ, ապա ուղղվում: Տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալվում են՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ՝ գոտկատեղի բարձրության: Պարեղանակը և պարը հետզհետե արագանում են:

www.000webhost.com